Արագածոտնի մարզում մեկ տարի առաջ դպրոցականների զանգվածային թունավորման գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղի շահագործման եւ աշխատանքների ծառայության ղեկավար Գեւորգ Ալեքսանյանը պարտավոր է եղել իրականացնել «Ջինջ ակներ» ջրամատակարարման համակարգի եւ դրա սարքավորումների սպասարկման աշխատանքները, սահմանված կանոններին եւ տեխնիկական նորմերին համապատասխան ջրամատակարարման համակարգի շահագործումը: Սակայն Ալեքսանյանը խախտել է սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել «Ջինջ ակներ» ջրամատակարարման համակարգը սնող աղբյուրների տարածքում մարդկանց կենսագործունեությունը, անասունների արածեցումը արգելելու ուղղությամբ: Արդյունքում, ստեղծվել է սանիտարահամաճարակային իրավիճակ, ինչի հետեւանքով բնակիչներից շուրջ 5 տասնյակ անձինք հիվանդացել են «սուր աղիքային ինֆեկցիա» հիվանդությամբ եւ նրանց առողջությանը անզգուշությամբ պատճառվել է թեթեւ վնաս:
Գեւորգ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին զանգվածային թունավորում էր եղել Արագածոտնի մարզում: Տարբեր գյուղերից շուրջ 5 տասնյակ մարդ էր հոսպիտալացվել: Մասնագետները դեռ այդ ժամանակ կասկածներ ունեին, որ թունավորման պատճառը ջուրն է:


























