Մագիստրատուրան կայացած չէ, քանի որ հաշվի չի առնվում շուկայի պահանջարկը: Այս մասին, սեպտեմբերի 16-ին, Հանրային խորհուրդում աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ասել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի նախագահ, ներկայումս Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:

Նա նշել է, որ պետք է ձեւավորել կրթության ընդհանուր գաղափարախոսություն, որը կկարգավորի  ողջ կրթական դաշտը:

Ղուկասյանն անդրադարձել է 12-ամյա կրթական համակարգի արդյունավետությանը՝ մտահոգություն հայտնելով, որ այն խոչընդոտում է մրցակցությանը, քանի որ ավագ դպրոց պետք է գնան լավագույն աշակերտները: Արտուշ Ղուկասյանը ավագ դպրոցի կայացման գործում կարեւորել է կրեդիտային համակարգի ներդրումը, որը նաեւ կկիրառվի բուհ ընդունվելիս, իսկ արդյունքում քննությունների ներկայիս ձեւաչափը կբարեփոխվի: Խոսելով մագիստրատուրայի խնդիրների մասին՝ Ղուկասյանը նշել է, որ այն կայացած չէ, քանի որ հաշվի չի առնվում շուկայի պահանջարկը: Անդրադառնալով մարզերում կրթության վիճակին՝ նա լուրջ խնդիր է համարել բուհերում դիմորդների նվազ քանակը, իսկ դպրոցներում՝ աշակերտների թերծանրաբեռնվածությունը:

Իսկ հեռավոր գյուղերում առկա լուրջ խնդիրը ոչ միայն աշակերտների անբավարար քանակն է, այլեւ ուսուցիչների: Այս առումով նա կարեւորել է երկպրոֆիլ դասավանդման համակարգի  ներդրումը, երբ մեկ ուսուցիչը կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ՝ նույն առարկայախմբից: Արտուշ Ղուկասյանը տարածքային համաչափ զարգացման կարեւորագույն գործոն է համարել կրթական բաղադրիչի խորացումը մարզերում: