Մենք պետք է փայփայենք անկախությունը երեխայի պես եւ պահպանենք այն հետագա սերունդների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, անկախությունը յուրաքանչյուր հայի համար ամենամեծ ձեռքբերումն է: «Մենք բազմիցս համոզվել ենք, որ բացի անկախություն ձեռք բերելուց, այն պետք է նաեւ պահպանել: Բնականաբար, մենք կարողացանք պատերազմով ու բազմաթիվ դժվարություններով անկախություն ձեռք բերել, 25 տարիների ընթացքում պահպանել ու հնարավորինս ամրապնդել մեր անկախությունը: Բայց մենք դեռ շատ բան ունենք անելու, որոնք չեն կարող ավարտվել, քանի որ հաջորդ սերունդների համար մենք պետք է պահպանենք այդ անկախությունը՝ երեխայի պես»,-ընդգծել է Բաղդասարյանը:

Ամեն անգամ, ըստ պատգամավորի, երբ սպառնալիքի տակ է հայտնվել մեր անկախությունը, հայ ժողովուրդը միասնական է եղել. չի եղել ընդդիմություն, չեն եղել տարաձայնություններ:

«Ինձ թվում է, մեր բացթողումներից մեկն այն է, որ միայն կրիտիկական պահերին ենք միասնական լինում եւ երաշխավորում ենք, որ ցանկացած իրավիճակում կարող ենք համախմբել ժողովրդին, պայքարել եւ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք ուղղված են մեր միասնականության ոչնչացմանը»,-հավելել է Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախության 25-ամյակը: