Անկախության ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի քաղաքացու ազատության զգացողությունը դարձավ: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով այդ զգացողությունը արտացոլվել է 1991-ի հանրաքվեի վրա, երբ 2 մլն մարդ կամավոր ու մեծ ոգեւորությամբ քվեարկեց անկախության օգտին: «Այն ժամանակ քաղաքացին իրեն զգում էր պետականաշինության, իր երկրի անկախության վերականգնման մասնակիցը: Դա մեծագույն արժեք էր: Այսինքն երբ մարդը զգում է, որ ինքը իր երկրի մի մասն է, իր պետությունը կառուցողը, դա գերագույն արժեք է: Եվ այդ զգացողությունը դարձավ մեր անկախության մեծագույն պտուղը»- շեշտեց Մանուկյանը: Ու եթե դրանից հետո եղել են հաջողություններ, շարունակեց պատգամավորը, իսկ դրանից հետո հաջողություններ եղե՛լ են, մասնավորապես պատմական հաջողությունները Ղարաբաղում, ապա դրանք հիմնված են եղել այդ զգացողության վրա:
«Հետո եկան իշխանություններ, որոնք չունեին այդ զգացողությունը, ու նրանք փորձեցին պաշտպանություն ու հովանավորություն գտնել մեկ այլ վայրում՝ Արեւելքում կամ էլ Արեւմուտքում: Նրանք հիվանդացան այն հիվանդությամբ, որով այդքան հաճախ են հիվանդացել հայերը մեր պատմության ընթացքում՝ անընդհատ ուզում են պաշտպաններ ու մեղավորներ գտնել մեր երկրից դուրս: Հենց այդ հոգեբանությունը, իշխանությունների վախկոտ, բարդույթներով լի դիրքորոշումն է այսօր գերիշխում, դրա հաշվին ենք մենք սպառում անկախության ռեսուրսը»,- ամփոփեց Արամ Մանուկյանը
2016-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 25-ամյակը:




























