Իսրայելցի գիտնականները հետազոտություն են հրապարակել, որը վերաբերում է կյանքի տեւողության վրա գործընկերների հարաբերությունների ազդեցությանը: Հետազոտությանը 820 կամավոր է մասնակցել: Փորձի արդյունքում պարզվել է, որ գործըներների հետ լավ հարաբերություններ ունեցողների շրջանում հանկարծահաս մահվան հավանականությունն ավելի փոքր է՝ ի տարբերություն կոլեկտիվի հետ թշնամացողների, հայտնում է OANE-ն:
Գիտնականները նշել են, որ կյանքի տեւողության եւ գործընկերների հետ հարաբերությունների միջեւ կապը առավել մեծ է 38-ից մինչեւ 43 տարեկան մարդկանց շրջանում: Մասնագետները ճշգրիտ տվյալներ են ձեռք բերել աշխատանքային ոլորտում վիճաբանությունների հետեւանքների մասին: Խնդրի հետազոտությունն իրականացվել է 1988-ից մինչեւ 2008 թվականը:
Կոլեկտիվում հարաբերությունները կարգավորելու գործոնների թվում են ընդհանուր բարյացակամությունը եւ շրջապատողների խնդիրների լուծմանը օգնելու պատրաստակամությունը: Նշվում է, որ տղամարդիկ իրենց կյանքի տեւողությունը երկարացնում են, եթե աշխատանքի ընթացքում այնպիսի հատկություններ են դրսեւորում, ինչպսին են վերահսկողության եւ արդյունավետ որոշումներն արագ ընդունելու ունակությունը: Նույն ունակությունները դրսեւորող կանայք, հակառակը, նպաստում են իրենց կյանքի տեւողության կրճատմանը:
Հետազոտությանը մասնակցել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Կանայք կամավորների ընդհանուր թվի մեկ երրորդ մասն են կազմել: Կանանց 80 տոկոսը ամուսնացած է եղել եւ երեխաներ ունեցել, 45 տոկոսը ստացել է 12-ամյա կրթություն: Գիտնականները նշել են, որ չնայած կրթությանը եւ ընտանիքի առկայությանը, ցանկացած մարդ կարող է իր կյանքի տեւողությունը երկարացնել՝ ցանկացած վայրում խուսափելով սթրեսներից եւ վիճաբանություններից:





























