Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում քվեարկության միասնական օր է, կկայանան յոթերորդ գումարման Պետդումայի, ինը ռեգիոնների նահանգապետների ու 39 օրենսդիր ժողովների ընտրությունները, երկրի տարբեր կետերում կանցնեն բազմաթիվ մունիցիպալ ընտրություններ, ինչպես նաեւ ավելի քան 150 տեղական հանրաքվեներ, ու միայն երեք ռեգիոններում՝ Մարի Էլում, Կալմիկիայում ու Մագադանի շրջանում, ռուսաստանցիները միայն Պետդումայի պատգամավորների կընտրեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոսկվայի ու երկրի արեւելյան ամենահեռավոր ռեգիոնների (Կամչատկայի երկրամասի ու Չուկոտկայի ինքնավար օկրուգի) միջեւ ժամանակային տարբերությունը կազմում է 9 ժամ, այնտեղ ընտրատեղամասերը կբացվեն սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով 23:00-ին: Կավարտվի քվեարկությունը Կալինինգրադի շրջանում՝ սեպտեմբերի 18-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ին (երեւանյան ժամանակով ժամը 22:00-ին): Բայց յուրաքանչյուր ռեգիոնում ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 08:00-ին ու կփակվեն 20:00-ին:
Քվեարկության միասնական օրը այս տարի ընդամենը ավելի քան 5.3 հազար տարբեր մակարդակների ընտրություններ է նշանակված: Մի շարք ռեգիոններում, որտեղ անցնում են համատեղ ընտրություններ, ընտրողները կարող են ստանալ մինչեւ ինը քվեաթերթիկ:
2003-ից սկսած առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները նորից անցնելու են խառը համակարգով՝ 225 պատգամավորներ ընտրվելու են կուսակցական ցուցակներով,եւս այդքանը՝ միամանդատ օկրուգներով: Պատգամավորական մանդատների համար պայքարելու են 14 կուսակցություններ ու մոտ 2.1 հազար միամանդատ թեկնածուներ: Ընդամենը դումայի ընտրություններում գրանցված է ավելի քան 6.5 հազար թեկնածու,իսկ խորհրդարանի ստորին պալատում ընդհանուր մրցակցությունը գրեթե 15 թեկնածու է մեկ մանդատի համար:
ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է 14 կուսակցությունների դաշնային ցուցակները: Դրանք են «Հայրենիքը», «Ռուսաստանի կոմունիստները», «Թոշակառուները հանուն արդարության ռուսական կուսակցությունը», «Եդինայա Ռոսիյան», «Կանաչները» ,«Քաղաքացիական պլատֆորմը», ՌԴ Լիբերալ Դեմոկրատական կուսակցություն , Ժողովրդական ազատության կուսակցությունը ( ՊԱՌՆԱՍ), Աճի կուսակցությունը, Քաղաքացիական ուժը, «Յաբլոկոն», ՌԴ Կոմկուսը, «Ռուսաստանի հայրենասերները» ու «Արդարացի Ռուսաստանը»: Հենց այդ կարգով էլ կուսակցությունները ներկայացված են լինելու ընտրական քվեաթերթիկում:
Նահանգապետների ուղիղ ընտրություններ այդ օրը կանցնեն ՌԴ յոթ շրջաններում: Բոլոր շրջաններում ընտրություններին կմասնակցեն նաեւ գործող ղեկավարները կամ էլ այդ սուբյեկտների ղեկավարների պաշտոնակատարները: Հյուսիսային Օսիայում ու Կարաչաեւո-Չերկեսիայի Հանրապետությունում ղեկավարներին կընտրեն սուբյեկտների խորհրդարաններում անցկացվող քվեարկությամբ: Հյուսիսային Օսիայում ընտրությունները արտաժամանակյա կլինեն՝ 2015 թ. ընտրված հանրապետության ղեկավար Թամերլան Ագուզարովը մահացել է այս տարվա փետրվարի 19-ին:
39 ռեգիոններում կանցնեն երկրամասային ու շրջանային օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրությունները: Ռեգիոնալ խորհրդարանները կընտրվեն հինգ տարի ժամկետով: Դաղստանում, Ինգուշեթիայում ու Չեչնիայում հանրապետական ազգային ժողովներում տեղերը կբաշխվեն համամասնական ընտրական համակարգով, ըստ թեկնածուների ցուցակների ստացած ձայների քանակի: Մնացած ռեգիոններում կկիրառեն խառը ընտրական համակարգ, որը հաշվի է առնում նաեւ մեծամասնական բաղկացուցիչը
Այդ նույն օրը կանցնեն ընտրություններ նաեւ մունիցիպալ միավորումներում: Կընտրեն քաղաքների ղեկավարներին, տեղական ներկայացուցչական մարմիների պատգամավորներին
Ընտրատեղամասեր կարող են գալ 111.6 մլն մարդ՝ հենց այդքան ընտրող է այսօր գրանցված Ռուսաստանում, նրանցից մոտ 1.87 մլն-ը գտնվում է արտասահմանում: Քվեարկությունը կկազմակերպվի ՌԴ ավելի քան 95 հազար ընտրատեղամասերում ու երկրի սահմաններից դուրս գտնվող 371 տեղամասերում:





























