Էջմիածնում ավագանու թեկնածուին առեւանգելու համար մի անձի են ձերբակալել։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եւ դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առեւանգելու եւ վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։

 Հիշեցնենք, որ  2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եւ դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առեւանգելու եւ վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: