Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 22 ՏՕ 328 (վարորդ՝ 1977 թ. ծնված Մ. Մ.) եւ «ИЖ-2717» մակնիշի 320 ՍԼ 65 պետհամարանիշներով (վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ИЖ-2717» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ИЖ-2717» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ ուղղել կողաշրջված ավտոմեքենան:

Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: