ԱՄՆ Յուտայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քունը չառած մարդը սոցիալական սպառնալիք է ներկայացնում, փոխանցում է Informing–ը։

Մասնագետները 839 կամավորների շրջանում  հետազոտություն են անցկացրել՝ նրանց բաժանելով 2 խմբի։ Առաջին խմբի մասնակիցները փորձի ժամանակ քնել են օրական 6 ժամ, երկրորդ խմբի անդամները՝ ավելի քիչ։

Բոլոր կամավորները համակարգչային տոմոգրաֆով հետազոտվել են։ Պարզվել է, որ երկու խմբում էլ եղել են մարդիկ, որոնք արտաքինից զգոն եւ սթափ են եղել, սակայն իրականում նրանց ուղեղը նիրհի վիճակում է եղել։ Գիտնականները նշում են, որ թեպետ արտաքինից այդ մարդիկ ադեկվատ տեսք ունեն, իրականում  նրանց ուղեղը մասամբ քնած է։

Մասնագետները նշում են, որ քիչ քնող մարդիկ հանգստանալիս սկզբում ընկղմվում են նիրհի մեջ, իսկ հետո վրա է հասնում խորը քնի փուլը։ Իսկ նրանք, որոնք կանոնավոր կերպով քունը չեն առնում, հանգստի ժամերին անմիջապես ընկնում են խորը քնի մեջ։

Նման մարդկանց մոտ վատանում է ռեակցիան, նրանք կարող են անսպասելի կորցնել ուշադրությունը եւ անգամ քնել։ Քնատ մարդիկ վտանգ են ներկայացնում շրջապատի համար, օրինակ, եթե նրանք նստում են մեքենայի ղեկին։