ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Հարություն Աշոտի Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարություն Գալստյանը հայտնի է Կոնդի Հարութ անվամբ:



























