ՀՀԿ–ի համար ՏԻՄ ընտրությունները մեծ կարեւորություն չեն ներկայացնում, քանի որ, այսպես թե այնպես, համայնքի ղեկավարներն աշխատելու են ՀՀԿ–ի հետ։ Այս մասին սեպտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա համոզմամբ՝ համայնքապետը չպետք է հակասի ընդհանուր պետական քաղաքականությանը։ «Այսօր ՏԻՄ ընտրություններում իսկական պայքար է ընթանում։ Ես տեսնում եմ քաղաքական ուժերի ակտիվությունն ու շահագրգռվածությունը։ Այդ առումով ես քաղաքական աճ եմ արձանագրում»,– նշել է Լեռնիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ–ն համապատասխան քայլեր չի ձեռնարկում, երբ, օրինակ, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծում է մրցակիցներին՝ Բուդաղյաններին, երբ Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի որդիները ծեծում են մրցակիցներին, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ինչո՞ւ եք կարծում, որ ՀՀԿ–ն ողջունում է դա կամ դրական է վերաբերվում դրան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի 317 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ։



























