«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գոհ է սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքից, քանի որ մի շարք գյուղերում արձանագրել են հաղթանակ։
Ավելին՝ Խարբերդ գյուղում ԲՀԿ-ի թեկնածուն՝ գործող գյուղապետ Կամո Կակոյանը, հաղթել է իր դեմ առաջադրված Արթուր Զոհրաբյանին, որը ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հորեղբորորդին է։ Նրան առաջադրել էր «Հանրապետական» կուսակցությունը։
«Հաղթել ենք Արարատի մարզի Մասիսի Գետազատ, Խարբերդ, Արբաթ, Ազատաշեն, Հովտաշեն, Մարմարաշեն, Նոր Կյուրի գյուղերում եւ Արտաշատի շրջանի Ազատավան, Մասիս, Հնաբերդ գյուղերում։ Հաղթել ենք նաեւ այն համայնքներում, որոնց թեկնածուներին աջակցել ենք, օրինակ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղում եւ այլն։ Բացառությամբ Աշտարակի, որտեղ մեր երիտասարդ թեկնածուն անկուսակցական էր, եւ մենք այդտեղ փետրվարյան իրադարձություններից հետո խնդիր ունեինք կառույցի վերակազմավորման հետ կապված։ Այստեղ արդեն որոշակի վերանայումներ կանենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ փետրվարյան դեպքերից հետո իրենց կառույցները մարտունակ են։
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, որոնց մասին ահազանգում են այլ կուսակցություններ, Միքայել Մելքումյանը դժվարացավ նշել․ «Այս տեղերը, որ թվարկեցի, չկան, այս պահին անձամբ ես ընտրակեղծիքների հետ կապված որեւէ բան չեմ ստացել։ Համարում եմ՝ հիմնականում նորմալ է անցել ընտրությունը»։





























