Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված, Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը ցուցմունք է տվել: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում:

«Ես հարցաքննվել եմ, ցուցմունք եմ տվել, պատմել եմ այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Արթուր Թումանյանը:

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Թումանյանը հայտնեց, որ ապաքինվում է:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին միջադեպ էր տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետի երկու թեկնածուների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի համակիր Արթուր Թումանյանի միջեւ: Տեղի ունեցածը երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ Կարեն Գրիգորյանի համակիրների` Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Գրիգորյանի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաեւ քաղաքապետն է եղել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: Թումանյանն ու Աբգարյանը պնդում են, որ իրենց մեքենային հարվածել են, ապա սկսել ծեծել իրենց մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: