Սեպետեմբերի 18-ին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները տեղի ֆեոդալների պայքար էր, որով իշխանությունը հետաքրքրված չէր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ լարված ՏԻՄ ընտրությունները դեռ առջեւում են: «Սովորական ՏԻՄ ընտրություններ էին, փոքր-ինչ բաց էին թողնված ի տարբերություն անցած տարիների: Ես գիտեմ, որ շատ տեղերում անցել են անկուսակցականներ, շատ տեղերում էլ «Հանրապետականը» ի սկզբանե չէր պաշտպանում իրենց թեկնածուներին: Բնականաբար, կային տեղեր, օրինակ՝ Էջմիածնում, որտեղ Մանվել Գրիգորյանի որդին է, որտեղ հասկանալի էր, որ լինելու են եւ հրմշտոցներ, եւ կրակոցներ, եւ այլն: Տեղի ֆեոդալների պայքար է եղել երեկվա ՏԻՄ ընտրություններում, իշխանությունը չի խառնվել եւ համոզված եմ, որ հնարավոր է` դեմոկրատիա ցույց տալու համար նաեւ պատժեն որոշ կեղծարարների, զորբաների»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանությանն ավելի շատ հետաքրքրում են Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները, որտեղ իշխանությունը անպայման պայքարելու է. «ՏԻՄ ընտրությունները, բացառությամբ Գյումրիի եւ Վանաձորի, իշխանության համար նշանակություն չունեն: Իշխանությանն ամենաշատը հետաքրքրում է Գյումրին եւ Վանաձորը, որովհետեւ դա լինելու է հաջորդ տարվա պառլամենտական ընտրությունների մինի մոդելը: Այսինքն՝ ընտրությունը քաղաքական է, եւ ի տարբերություն մնացած բոլոր բնակավայրերի, Գյումրիում եւ Վանաձորում լինելու են քաղաքական ընտրություններ: Այստեղ իշխանությունը պայքար կտանի: Լարված ընտրություններ լինելու են, որոնք դեռ առջեւում են»:
Հիշեցնենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 18-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:





























