Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիներին, որոնք այսօր` սեպտեմբերի 19-ին, սպառնում էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, ոստիկանները թույլ չեն տվել դա անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աղավնաձորցիներինց մեկը: Նա նշեց, որ ոստիկանները կանգնել են ճանապարհի երկայնքով եւ թույլ չեն տվել աղավնաձորցիներին փակել այն. «Մինչեւ հասանք, ոստիկաններն արդեն տեղում էին, չկարողացանք փակել փողոցը: Բայց մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչեւ մեր գումարը տան»:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին աղավնաձորցիները հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց: