Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին որպես նախնական գնահատական, կարելի է ասել, որ ընտրական գործընթացների նախկին տրադիցիան հիմնականում շարունակվեց:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ասել է ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները։

«Այն ցույց տվեց, որ իշխանական բոլոր թեկնածուների հույսը շարունակում էր մնալ վարչահրամայական ռեսուրսը, կաշառքը, ահաբեկումը: Այն տեղերում, որտեղ ոչ իշխանական թեկնածուները կարողացել են դիմակայել դրան, իշխանականները պարտվել են: Այդ թվում, օրինակ, Արարատում, որտեղ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը վստահ հաղթանակ է տարել ավագանու ընտրություններում, մրցակիցներից առաջ անցնելով շուրջ 350 ձայնով»,-ասել է Արման Մուսինյանը:

Նա նշել է, որ Կոնգրեսը  այժմ կենտրոնացած է ՏԻՄ ընտրությունների  երկրորդ փուլի վրա, որի թեժ կետերն են լինելու Գյումրին ու Վանաձորը։

Կոնգրեսը, բացի Վանաձորից, Գյումրիից, թեկնածուներ է առաջադրել նաեւ մի շարք այլ համայնքներում։

«Առավել ամբողջական դիրքորոշում ՏԻՄ ընտրություններին հնարավոր կլինի տալ հոկտեմբերի 2-ից հետո»,-ամփոփել է Մուսինյանը: