Աղավնաձորում երեխաները շուրջ մեկ շաբաթ դպրոց եւ մանկապարտեզ չեն հաճախում: NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիներից Սմբատ Ղազարյանը նշեց, որ միչեւ իրենց մթերած խաղողի դիմաց պարտքը չվճարեն՝ երեխաներին մանկապարտեզ եւ դպրոց չեն ուղարկելու:
Աղավնաձորցիներն այսօր որպես բողոքի արտահայտում փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, սակայն, ոստիկանները թույլ չէին տվել:
Նշենք, որ աղավնաձորցիները խաղողը մթերելուց շուրջ 10 ամիս անց գումարը չեն ստացել: Սեպտեմբերի 15-ին աղավնաձորցիները հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:
Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց:




























