Օրեր առաջ Վանաձորում գրանցված 5-ամյա Ռուզան Կարապետյանի մահվան մասին լուրն առավել մեծ հնչեղություն ստացավ միայն այսօր՝ լրատվամիջոցներով շրջանառվելուց հետո: Վանաձորի պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն, պարզվում է, այս ընտանիքը հայտվել է շատ ավելի վաղ: Վանաձորի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը մինչ այս ընտանիքի երեխաներով զբաղվելը զբաղվել է նաեւ նրանց ծնողներով, որոնք երկուսն էլ մեծացել են մանկատանը:

Ավելի ուշ, երբ երիտասարդներն ամուսնացել են, տեղափոխվել են Արմավիրի մարզ ու որոշ ժամանակով անհետացել խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի տեսադաշտից: Հերթական անգամ հանձնաժողովի անդամները ընտանիքի մասին տեղեկացել են 2015թ.-ին, երբ ամուսնու ազատազրկման դատապարտվելուց հետո Մարիամը 4 երեխաների հետ տեղափոխվել է Վանաձոր ու բնակության վայր չունենալու պատճառով սկսել բնակվել աղբահավաք մեքենաների կայանման կետի հարակից կիսավեր տնակներից մեկում:

Հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանի խոսքով հանձնաժողովի անդամները մի քանի անգամ այցելել են այս ընտանիքին, տեսել ոչ բարվոք պայմանները: Հարցին՝ երեխաների խնամքի ու դաստիարակության համար անբավարար պայմանները տեսնելով ինչո՞ւ հանձնաժողովը քայլեր չի ձեռնարկել նրանց մանկատուն տեղափոխելու ուղղությամբ, Լեռնուհի Գ եւորգյանը պատասխանել է. «2015թ.-ին երկու անգամ հանձնաժողովի նիստ են հրավիրել քննարկելու երեխաների հետագա ճակատագիրը: Մորն առաջարկվել է, որ երեխաներին տեղափոխեն մանկատուն: Մայրը, սակայն, կտրականպես հրաժարվել է ու վստահեցրել, որ շուտով վերադառնալու են Արմավիրի մարզում գտնվող նախկին բնակության վայր, որտեղ բնակարան ունեն ՝ ապահովված կենցաղային նորմալ պայմաններով: Կառավարության որոշմամբ մանկատուն գնալու են միայն այն երեխաները, որոնք ճանաչված են առանց ծնողական խնամքի մնացած»: Լեռնուհի Գեւորգյանը վկայակոչում է ՀՀ կառավարության 2015թ.-ի սեպտեմբերի 25-ի թիվ 1112 Ն որոշման 6-րդ կետը ու հավելում՝ նախկինում էլի տեղաշարժվելու հանրավորություն կար, իսկ  նոր որոշումը հնարավորությունները սահմանափակել է:

Ի դեպ, վերջին 1-2 տարվա ընթացքում Լոռու մարզում գրանցվել է ծնողի կամ խնամակալի խնամքին գտնվող երեխաներին պարտադրաբար թափառաշրջիկության ու մուրացկանության ուղարկելու, նրանց ներկայությամբ ալկոհոլիզմով զբաղվելու, անբարո վարք դրսեւորելու ու ցրտահարության ենթարկելու մի քանի դեպք: 2015-2016 թվականներին միայն Վանաձորում ծնողական իրավունքներից զրկվել է երեք մայր:

Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե այսպիսի ընտանիքներում մեծացող երեխաների հետ դժբախտ դեպքեր գրանցվեն, Լեռնուհի Գեւորգյանը հստակ պատասխան չունի: Վերջինս ասում է, որ խնդրին համակարգային մոտեցում ցուցաբերելու համար անհրաժեշտ նախապայման է դարձել սոցիալ-վերականգնողական կենտրոնների ստեղծումը, որի մասնագետները համապատասխան աշխատանք կտանեն նմանատիպ ընտանիքների հետ: Այժմ, երբ Կարապետյանների երեխայի մահվան դեպքն այսքան հնչեղութուն է ստացել, պատկան մարմիններն այնուամենայնիվ, որոշել են դիմել կտրուկ քայլերի: Լոռու մարզպետարանից գրությամբ դիմելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին  եւ խնամակալության հանձնաժողովին, տեղեկացվել է, որ Լոռու մարզպետարան է դիմել երեխաների մայրը՝ երեխաներին մանկատանը տեղավորելու խնդրանքով: Երեխաները Լոռու մարզպետարանի միջնորդությամբ տեղափոխվել են Վանաձորի մանկատուն:

«Մայրը չունի ծնողավարման հմտություններ: Տնայցի ընթացքում պարզվել է, որ երեխաները անխնամ վիճակում են եւ կա նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներ»,- նշված է մարզպետարանից ուղարկված գրության մեջ: Նշվածը հաշվի առնելով հանձնաժողովի անդամներին հորդորվել է խնդրի լուծման հարցում առաջնորդվել ՀՀ կառավարության թիվ 1112 որոշման 3 գլխի, 14, 15, 16 կետերով, ըստ որի «նման տեղեկատվոըթյուն ստանալուց հետո հանձնաժողովը ապահովում է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը մինչեւ նրանց տեղավորման հարցի վերջնական լուծումը»:

«Սա նշանակում է, որ մենք պետք է դիմենք դատարան ու Մարիամին զրկենք մայրական իրավունքներից: Այս հարցը կքննարկվի հանձնաժողովի սեպտեմբերի 22-ին կայանալիք նիստում»:

 Հարցին, եթե խնդիրը կար, ինչո՞ւ ավելի վաղ քայլեր չէին ձեռնարկվում երեխաներին մանկատուն ուղարկելու ու դժբախտ դեպքից խուսափելու համար, Լ. Գեւորգյանը ասում է. « Շուտ հիմնավորում չկար, որ ինքը երեխաներին լավ չի խնամում, ոնց տայինք: Նոր է հիմնավորումը, որ գրել են երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Մահանալն էլ հուշեց, որ երեխաների կայնքի համար վտանգավոր է»: