Ռուսաստանում արցախյան նռան օշարակն ու ընկույզի մուրաբան նախկինի պես շատ գնորդներ ունեն: Երեւանում անցկացվող «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արցախ ֆրութ» ընկերության տնօրեն Արմեն Ծատրյանը:

«Ղարաբաղյան ակցենտով» ապրանքների՝ մուրաբայի, օշարակի, ինչպես նաեւ թթի դոշաբի կողքով ռուսաստանցիներն անտարբեր չեն անցնում: «Իհարկե՝ ռուբլու փոխարժեքի պատճառով փոքր-ինչ դժվար է: Բայց կդիմանանք, մինչեւ այդ դժվարություններն անցնեն: Շարունակում ենք աշխատել Մոսկվայում եւ հարակից շրջաններում, ինչպես նաեւ հարավում»,- հավելեց նա:

Ներկայում ընկերությունը 40-45 տեսակի ապրանք է արտադրում՝ չհաշված կոմպոտները, որոնք արտադրվում են Ղարաբաղի ներքին շուկայի համար, իսկ հաջորդ տարի մտադիր են դրանք ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում:

«Այս տարի բերքն առատ էր: Ի տարբերություն նախորդ տարվա՝ մեզ ոչ միայն շատ միրգ, այլեւ բանջարեղեն բերեցին մթերման»,- հավելեց Ծատրյանը: