Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 20-ին, մեկնարկել է ապօրինի հրազեն պահելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատավարությունը:

Դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն, Միքայելյանն ապօրինի կրել է զենք, ինչի պատճառով էլ նա սույն թվականի հուլիսի 27-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանությունում ամբաստանյալի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ եւ յոթ հատ փամփուշտ:

Ամբաստանյալ Արմեն Միքայելյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Այնուհետեւ դատարանը որոշեց սահմանել ապացույցների ուսումնասիրման հետեւյալ կարգը. նախ հարցաքննել վկային, ապա ուսումնասիրել գործում առկա նյութերը: Վկան դատարան չէր ներկայացվել, որոշվեց տասը րոպե ընդմիջում հայտարարել:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել: