Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամի գործով դատական առաջին նիստն այսօր` սեպտեմբերի 20-ին հետաձգվեց. դատարանը որոշեց բերման ենթարկել գործով միակ վկային:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ միակ վկան անձնական խուզարկությանը մասնակցած ընթերական է:
«Միակ վկան է, սակայն կարեւոր վկա է, կարեւոր են նաեւ գործում առկա ապացույցները: Երբ քրեական գործ է սարքվում, այսինքն շինծու է լինում, հետքերը միշտ մնում են, իսկ այս քրեական գործում ավելին քան շատ են: Համոզված եմ, որ դատաքննության ժամանակ դատավորի համար պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Արմեն Միքայելյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ին, երբ ընտանիքի անդամների հետ վերադառնում էր տուն: Երվանդ Վարոսյանի խոսքով, սակայն, ընտանիքի անդամներից ոչ ոք չի հարցաքննվել:
«Ես նախաքննության ընթացքում միջնորդել էի, որ հարցաքննեն այն անձանց, որոնք ներկա են եղել Միքայելյանի բերման ենթարկելու ժամանակ, իմ միջնորդությունը մերժվեց: Մենք դատաքննության ընթացքում էլ նման միջնորդություն կներկայացնենք»,- հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:





























