Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական պաստառի հետ կապված եղել է մանիպուլյացիա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին` ինչու է Սամվել Բալասանյանը աշխատավարձերը ժամանակին վճարելու հետ կապված խոստումների մասին գրել նախընտրական պաստառի վրա:
«Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է եւ մենք կրում ենք պատասխանատվություն նրա գործունեության համար, Սամվել Բալասանյանի պաստառի հետ կապված եղավ մանիպուլյացիա ԶԼՄ-ներում, խոսքը եղել է համայնքային բյուջեով ձեւավորվող աշխատավարձի մասին, հայտնի է, որ ժամանակին աշխատավարձը վճարելու խնդիր կա այս ոլորտում»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում իր շանսերը բավականաչափ բարձր է գնահատում. «Գյումրին ամեն ինչով յուրահատուկ քաղաք է, ես վստահ եմ գյումրեցու քաղաքական ճաշակի վրա: Մեր ցուցանիշները այնտեղ միշտ չէ, որ բարձր են լինում, Գյումրին շարունակում է մնալ շատ պահանջկոտ: Մեր շանսերը բավականաչափ բարձր եմ գնահատում, Գյումրիում առաջին տեղի հարցը չէ, խնդիրն այն է` առաջին տեղը քանի տոկոս կհավաքի, ով կլինի երկրորդ եւ երրորդ տեղերում: Պայքարը գնալու է երկրորդ եւ երրորդ տեղերի համար»,-ասաց նա` նշելով, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում սպասվում են հետաքրքիր ընտրություններ:





























