Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր էին նրանով, որ բացահայտվեցին այն բոլոր խախտումների միջոցները, որոնք օգտագործվում են համապետական ընտրությունների ժամանակ եւ կենտրոնական իշխանության աջակցությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Դրանք այլ անձանց փոխարեն քվեարկություններն են, չսահմանված նմուշի ծրարների եւ քվեաթերթիկների օգտագործումը, սա տեղական մակարդակի խախտում չէ, ուղղորդումներ են կենտրոնացված վերահսկողություն քվեարկության նկատմամբ։ Կուզեի կենտրոնանալ այլ անձանց փոխարեն քվեարկության վրա։ Բացի այն, որ որեւէ մեկը հանձնաժողովի անդամի օգնությամբ առեւերույթ քվեարկում է այլ անձի փոխարեն, այստեղ իշխանության ներգրավվածությունը հաստատվում է նրանով, որ հանձնաժողովը հաջորդող խախտումների միջոցով փորձում է քողարկել այլ անձի փոխարեն քվեարկությունը։ Այսինքն՝ այն անձը, ում փոխարեն քվեարկել էին, հանձնաժողովի անդամը փորձում է համոզել՝ քվեարկել մեկ այլ անձի փոխարեն»,-ասել է Տիգրան Եգորյանը՝ ընդգծելով, որ դա լուծում չէ, այլ քրեորեն պատժելի, հանցավոր արարք։
«Սա հստակ ցուցիչ է, որ կենտրոնական իշխանության համար չափազանց կարեւոր են տեղական օղակները, որովհետեւ տեղական իշխանություններն են հիմնականում հանդիսանալու համապետական ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության մեխանիզմի հիմնական հենարանը։ Դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի տեղերում վերահաստատի իր հետ փոխկապակցված անձանց եւ այդ վարչական ռեսուրսը եւս գործի դրվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ ԿԸՀ-ի գործողությունները ցույց են տալիս, որ օրերս քվեարկված ցուցակները հրապարակելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը ըստ էության վտանգված է իշխանության քաղաքական կամքի տեսանկյունից, որովհետեւ այս գործողությունները չեն վկայում ազատ, արդար ընտրություների կամքի առկայության մասին»,-ասել է փաստաբանը։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 57 տեղամասից ընդհանուր առմամբ 105 գրավոր դիմում-բողոք է ստացել եւ 36 ահազանգ՝ քվեարկության ավարտի պահի դրությամբ, որոնք ներկայացրել է համապատասխան մարմիններին։





























