«Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով վկա Աշոտ Եսայանը դեպքի օրը եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում, լսել է կրակոցներ, սակայն մտածել է` հրավառություն է: Այս մասին Եսայանն ասել է իր ցուցմունքում, որն այսօր` սեպտեմբերի 20-ին, դատարանում կարդաց մեղադրող դատախազը, քանի որ վկան այդպես էլ դատարան չներկայացավ:

«Գնացել էի ՔԿՀ, պերեդաչի էի տարել, երբ դուրս էի գալիս, կրակոցներ լսեցի, բայց մտածեցի` մեկն ազատվում է, իր համար հրավառություն են անում: Հետո նկատեցի, որ կրակոցները շատ են, ոնց որ ինքնաձիգից էր, վախենալով, որ ես էլ կարող եմ վնասվել, թաքնվեցի»,- ասել է վկան իր նախաքննական ցուցմունքում:

Հաջորդը դատարանն ընթերցեց վկա Հովիկ Գալստյանի ցուցմունքը: Վերջինս նշել է, որ դեպքի օրն իրենց շենքի բակում կանգնած է եղել իր հարեւաններ հետ, երբ նախ ինքնաձիգից, ապա ատրճանակից կրակոցներ են լսել:

«Մենք ուզում էինք դուրս գալ փողոց` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Այդ պահին մեզ մոտեցան երեք դիմակավորված անձ, որոնցից մեկն ավտոմատով էր եւ պահանջեց, որ իրենց իմ մեքենայով տեղ տանեմ, սակայն հրաժարվել եմ»,- ասել է Գալստյանն իր ցուցմունքում:

Դատական նիստը շարունակվում է:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2015թ.  մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը: