«Երրորդմասցի Լյովիկի»եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր դատարանում ընթերցվեց «Երրորդմասցի Լյովիկին»ուղեկցող տղաների ցուցմունքները:
Մասնավորապես, Սեյրան Կարապետյանն ու Էդգար Պետրոսյանը նախաքննական մարմնին պատմել են, որ իրենք մարտի չորսին եկել էին իրենց հավաքատեղի, որտեղից Դրաստամատ Թադեւոսյանի հետ գնացել էին Լեւոն Ղազարյանի հետեւից: Ճանապարհին, ըստ նրանց ցուցմունքի, իրենց հետեւել է մեքենա, որին էլ Դրաստամատ Թադեւոսյանը որոշել է` պետք է հետեւի Սեյրան Կարապետյանին:
«Ես իջել եմ, նստել տաքսի ու հետեւել էդ մեքենային, ընթացքում սակայն կորցրել եմ էդ մեքենային: Դրանից հետո ես գնացել եմ«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ինձ նախապես Դրոն ասել էր, որ էնտեղ գնամ: Հենց հասա, տեսա, որ Դրոյի մեքենայի մոտ մարդիկ են հավաքվել, իսկ Դրոն էլ վիրավոր ընկած էր: Տեսնելով, որ շնչում է, անմիջապես ինչ որ մեկի հետ նրան նստեցրել եմ մեքենան ու տարել հիվանդանոց»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Կարապետյանը:
Էդգար Պետրոսյանն էլ իր ցուցմունքում պատմել է, որ Դրոյի ու Լեւոն Ղազարյանի հետ ինքը գնացել է մինչեւ քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց դիմավորել է Մեսրոպ Նազարյանցը: Այնուհետեւ կրակոցներ է լսել վկան, տեսել է երեք դիմակավորված անձանց, որոնց մասին սակայն տեղեկություն չունի: Քննիչի հարցին, թե մինչ այս դեպքը Լեւոն Ղազարյանն ում հետ է խնդիրներ ունեցել, Էդգար Պետրոսյանը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ, քանի որ Ղազարյանը միայն Դրոյի հետ է կիսվել: Անդրադառնալով մեքենայում հայտնաբերված գումարին` Պետրոսյանն ասել է, որ Լեւոն Ղազարյանը 6 հարյուր հազար դրամ էր փոխանցել Դրաստամատ Թադեւոսյանին, որ տա մահացած ընկերոջ կնոջը:
Էդգար Պետրոսյանն ավելի ուշ կրկին հարցաքննվել է եւ պատմել, որ իրեն եւ «Հայրոյին» Ղազարյանի սպանությունից ամիսներ առաջ առեւանգել էին զինվորական համազգեստով մարդիկ, այնուհետեւ մեզ տեղափոխել նկուղ, որտեղ դաժան ծեծել են եւ ասել, որ իրենց խնդիրը Լեւոն Ղազարյանի հետ է:
«Դրանից մի քանի ժամ անց մեզ կապկպեցին ու տարան ինչ որ տեղ, սակայն առանձին մեքենաներով: Այնուհետեւ մեզ տարան Մուրացանի հիվանդանոցի մոտ եւ հեռացան: Հետո նստել ենք տաքսի ու հեռացել այդ տարածքից: Մենք գնացել ենք ու մանրամասն պատմել Դրոյին, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Մենք սակայն այդ մասին ոստիկանությանը չենք հայտնել, որովհետեւ վախեցել ենք մեր անվտանգության համար»,- ասել է Պետրոսյանն իր ցուցմունքում:
Քննիչի հարցին` ինչու են հատկապես իրենց առեւանգել, եթե խնդիր են ունեցել Լեւոն Ղազարյանի հետ, վկան հստակ պատասխան չի տվել:
Նշենք, որ այս վկաներն այդպես էլ դատարան չներկայացան, այդ պատճառով նրանց ցուցմունքներն ընթերցվեցին:
Դատական նիստը շարունակվում է:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 4-ին, ժամը 13:59-ին, ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը:





























