Ապրիլին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց տեղահանության հերթական ալիքի: Այս մասին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների եւ միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Նման բարձր մակարդակի հանդիպման անցկացումը ցույց է տալիս գլոբալ օրակարգում, ներառյալ՝ ՄԱԿ-ի շրջանակներում միգրանտների եւ փախստականների խնդրի աճող նշանակությունը եւ դրա լուծմանն ուղղված վճռականությունը:

Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջեւ ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին եւ 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից եւ ապաստան գտել Հայաստանում: Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ տեղահանության հերթական ալիքի:

Այս համատեքսում պետք է ընդգծել հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման եւ տեւական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծումներ գտնելու կարեւորությունը: Բացի այդ, ցանկանում ենք շեշտել հավասար, արագ եւ անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարեւորությունը փախստականներին եւ տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից:

Պարոն նախագահ,

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությունում՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատեւման պայքար են մղում՝ ահաբեկիչների եւ օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար:

Բռնությունը Մերձավոր Արեւելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ եւ մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այսպիսով, Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ապաստան տալ տեղահանվածներին:

Սիրիայից փախստականների ընդունումը, կեցության ապահովումը եւ ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Մենք փախստականների ընդունման տարաբնույթ հնարավորություններ ենք ապահովում՝ տրամադրելով ապաստանի հայցման, կեցության թույլտվության եւ քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգեր: Պետությունը աջակցում է նրանց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցում, դյուրացնում է նրանց կեցության հարցերը, տրամադրում է անվճար բժշկական օգնություն եւ կրթաթոշակներ:

Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որեւէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար: Այս առումով, ողջունում ենք Փախստականների եւ միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը եւ վստահ ենք, որ մեր հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար»: