Հայաստանի իշխանությունը շատ է թուլացել: Եթե իշխանությունը թուլացած չլիներ, չէր կայանա «4+4+4» ձեւաչափը, եւ չէր ստորագրվի Ընտրական օրենսգրքի համապատասխան փաստաթուղթը: Այս մասին սեպտեմբերի 20-ին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արարատ քաղաքում ՀԱԿ-ն է ունեցել ամենալավ ցուցանիշը: «Առաջիկայում մենք կմասնակցենք ավելի մեծ համայնքների ընտրություններին՝ Աշոցքի, Վանաձորի, Գյումրիի, Ախթալայի, Մարալիկի, Վայքի: Ներկայումս Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելու համար մեզ հետ է միջազգային հանրությունը՝ ԵՄ-ը, եվրոպական երկրների դեսպանները, ինչպես նաեւ քաղաքացիական խմբերը: Հատկապես վերջիններիս օժանդակությամբ ստորագրվեց այն փաստաթուղթը, որը շուտով օրենքի ուժ կստանա»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նշել է, որ արդեն ստորագրված ընտրացուցակների հրապարակման դրույթը 15-ամյա պայքարի արդյունք էր: «Իշխանությունները դրան կամավոր չհանգեցին: Մենք նրանց ստիպեցինք դրան գալ եւ փաստաթուղթը ստորագրել: Այդ ամենը հույս է ներշնչում, որ առաջիկա ընտրությունները կմոտենան նորմալ անցկացնելուն: Չեմ ասում, թե կեղծիքներ չեն լինի, քանի իշխանությունները դրա համար կփորձեն ամեն ինչ անել: Սակայն կեղծումների դաշտն արդեն նախկինը չէ. իշխանությունների կեղծումներ կատարելու հնարավորությունները Էականորեն փոքրացել են (առնվազն 600 հազար ձայնով)»,- հավելել է Արամ Մանուկյանը:




























