Հայաստանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել ժողովրդավարության: Այս մասին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն ասել է իր պաշտպան Արայիկ Պապիկյանին` Ծաղկահովիտում տեղի ունեցած ըտրություններից հետո:
«Ես նրան տեսակցեցի, արդյունքների մասին Խանդոյանն արդեն գիտեր, տեսակցել եմ, զրուցել եմ նրա հետ: Նա շատ բարձր տրամադրություն ուներ, ասաց, որ իրեն գերազանց է զգում: Երկու կարեւոր հանգամանք նշեց` Ծաղկահովիտի ընտրությունները ապացուցեցին, որ «Սասնա ծռերը» ճիշտ են, որ բռնապետության փոփոխումը ժողովրդավարության մեր երկրում ընտրական ճանապարհով չի կարող լինել: Իրենց այդ գաղափարախոսությունը հաստատվեց Ծաղկահովիտի օրինակով: Եվ երկրորդը` համայնքում շուրջ 260 մարդ քվեարկել էր Արայիկ Խանդոյանի օգտին, գյուղական համայնքի համար բավականին մեծ ցուցանիշ էր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին հանրապետությունում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գյուղապետի թեկնածու էր առաջադրվել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը ստացել էր 257 քվե:





























