Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ «աշխարհն ավելին է, քան հնգյակը (ԱԽ մշտական անդամների)», ինչը խանգարում է ՄԱԿ-ի ԱԽ-ին արդյունավետ գործել: «Այդպիսի Անվտանգության խորհուրդը չի կարող արդարություն ապահովել: Երեք եվրոպական երկրներ, մեկ ասիական եւ ԱՄՆ-ն: Վերջ: Իսկ մնացա՞ծը: Թող, ասենք, ԱԽ-ում 20 երկրներ լինեն, որոնք իրենց հերթին կներկայացնեն մնացյալ պետություններին»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաեւ Եվրամիությանը մեղադրել է միգրացիոն համաձայնագրով Անկարայի առջեւ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ: «Մենք փախստականներինն ընդունելու համար 12.5 մլրդ դոլար ենք ծախսել, հաշվի առնելով ոչ պետական հիմնադրամների միջոցները՝ 25 մլրդ: Եվ միջազգային հանրությունից ստացել ենք ընդամենը 525 մլն դոլար եւ 178 մլն էլ՝ ԵՄ-ից: Ցավոք, ԵՄ-ն չկատարեց խոստումը»,- ասել է Էրդողանը: