Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի, հոգեւոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ:

Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը եւ շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար:

Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաեւ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի Թագավորության Թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ: