Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարո՛ն նախագահ,

Իմ եւ իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ:

Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ եւ վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաեւ այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո եւս շարունակելու քաղաքական եւ տնտեսական մերձեցումը Եվրամիությանը եւ գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը:

Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության եւ Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար»: