Սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացված  Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը ցույց տվեց, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաջողությամբ է իրականացնում սպառազինությունը մեծացնելու խոստումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

«Ցուցադրվել է Հայաստանի նման երկրների համար բացառիկ սպառազինություն: Ցուցադրված նմուշներից որոշները նման երկրորդ օրինակներ չունեն»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ օրինակ, հայկական բանակի սպառազինության մեջ եղած «Իսկանդեր» օպերատիվ–տակտիկական հրթիռային համալիր ունի միայն այն արտադրող երկիրը՝ Ռուսաստանը, իսկ դրան նման հրթիռային համալիրներ ունեն փոքր թվով երկրներ: Առաջին անգամ ցուցադրվեց նաեւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։

«Անկասկած, հատուկ ուշադրություն գրավեցին ցուցադրված ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք ժամանակակից պատերազմների պայմաններում կարեւոր նշանակություն ունեն»,- նշեց փորձագետը: