Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում հայտարարում է Միջազգային մարդասիրական իրավունքի ազգային դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկը։ Դատախաղը տեղի կունենա Հայաստանում ս․թ․ նոյեմբերի 25-ից 27-ը։

ԿԽՄԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սկսած 2005 թվականից ԿԽՄԿ-ն հանդիսանում է այս մրցույթի կազմակերպիչը։ Ամեն տարի Հայաստանում անցկացվող դատախաղը միջազգային մարդասիրական իրավունքին (ՄՄԻ) վերաբերող ամենակարեւոր միջոցառումներից մեկն է։ Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների իրազեկվածությունը իրավաբանական ֆակուլտետների ուսանողների շրջանում, ինչպես նաեւ զարգացնել ուսանողների մոտ այդ իրավունքի նորմերի ոչ միայն տեսական գիտելիքը, այլեւ գործնականում կիրառելու ունակությունները։

Ի՞նչ է միջազգային մարդասիրական իրավունքը

ՄՄԻ-ն ճանաչված է նաեւ որպես պատերազմի կամ զինված ընդհարումների իրավունք։ Որպես կանոնների եւ սկզբունքների համախումբ՝ ՄՄԻ-ն ձգտում է սահմանափակել զինված հակամարտությունների բացասական հետեւանքները՝ ելնելով մարդասիրական նպատակներից։ ՄՄԻ-ն կոչված է պաշտպանելու այն անձանց, ովքեր այլեւս չեն մասնակցում ռազմական գործողություններին, եւ սահմանափակելու պատերազմում օգտագործվող զենքերի եւ մեթոդների տեսակները։

Ինչո՞վ է ՄՄԻ վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթը տարբերվում Ձեզ ծանոթ այլ դատախաղերից

Մրցույթը նպատակ ունի «կյանք հաղորդել» իրավունքին եւ ուսանողներին ներգրավել տարբեր տեսակի մոդելներում եւ դերախաղերում։ Թիմերը ներկայացնում են ՄՄԻ-ի որեւէ ոլորտի վերաբերյալ իրենց բանավոր պատասխանները։ Դատախաղին նախապատրաստվելու, հռետորական եւ դատարանում ներկայացնելու ունակությունները բարելավելու նպատակով ուսանողները դատախաղից մի քանի շաբաթ առաջ կանցնեն դասընթացներ եւ հրահանգիչների օգնությամբ կպատրաստվեն մրցույթին։ Մրցույթի արդյունքը հաշվարկվում է բոլոր փուլերի ընթացքում թիմերի հավաքած միավորների հիման վրա։ Եզրափակիչ փուլն անցնում են նրանք, ովքեր ցույց են տվել ամենալավ արդյունքն ամբողջ խաղի ընթացքում։ Այսպիսով, ամեն փուլից հետո մեկ թիմի դուրս մնալու փոխարեն բոլորին հնարավորություն է տրվում մասնակցել դատախաղի մի քանի փուլերին։

Մասնակցության պահանջները եւ գրանցումը

Մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է բաղկացած լինի երեք ուսանողներից, ովքեր սովորում են ՀՀ բուհերի, ինչպես նաեւ զինվորական ակադեմիաների իրավաբանական, քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների բաժիններում։ Թիմի անդամները պետք է ներկայացնեն նույն ուսումնական հաստատությունը եւ նախկինում մասնակցած չլինեն այս մրցույթին։ Նրանք պետք է ներկայացնեն կոլեկտիվ հայտ՝ պատասխանելով հայտարարությանըստորեւ ներկայացվող՝ ՄՄԻ թեմային վերաբերող հարցերին։

Լրացված հայտերը պետք է ներկայացնել ԿԽՄԿ պատվիրակություն Հայաստանում (0014, Երեւան, Նաիրի Զարյան փ․ 73/1) կամ ուղարկել հետեւյալ էլ․ հասցեով՝ [email protected] Հայտերն ընդունվում են մինչեւ ս․թ․ հոկտեմբերի 12-ը, ժամը 18:00։ Ընտրված մասնակիցները կտեղակացվեն մինչեւ հոկտեմբերի 16-ը։

Ընտրությունը եւ մրցանակները

Մրցույթին կմասնակցեն միայն ընտրված մասնակիցները։ ԿԽՄԿ-ն կհոգա մասնակցության, կացության եւ տրանսպորտի հետ կապված բոլոր ծախսերը։ Հաղթող թիմին հնարավորություն կտրվի մասնակցելու արտերկրում կայանալիք ՄՄԻ-ի վերաբերյալ միջոցառման։

 Հավելյալ տեղեկատվության համար դիմել՝ Իռեն Ալոյան, իրավական ծրագրերի պատասխանատու, ԿԽՄԿ Հայաստան, Հեռ․՝ +374 10 29 74 15 / 16 / 17

ՀԱՐՑԵՐ

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են բուժանձնակազմերը, մարդասիրական կազմակերպությունները եւ դրանց աշխատակիցները ռազմական գործողությունների վայրերում օգնություն ցուցաբերելիս (ոչ ավել քան 900 բառ)։

- Ի՞նչ խնդիրներ եք տեսնում զինված հակամարտություններում բազմազգ ուժերի եւ խաղաղապահ ուժերի գործողությունների իրավական կարգավորման հարցում (ոչ ավել քան 900 բառ):