«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որի կալանքը երկու ամսով երկարաձգվելու հարցն է դատարանում քննվում, հայտարարեց, որ իր դատավորը ժողովուրդն է: Խանդոյանի խոսքերը փոխանցեց նրա փաստաբաններից Արա Ղարագյոզյանը:
«Արայիկ Խանդոյանը դատավորին ասաց, որ նրանից պահանջելու ոչինչ չունի, իր դատավորը ժողովուրդն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ըստ Ղարագյոզյանի` քննիչը որեւէ հիմք չունի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու համար: Փաստաբանի փոխանցմամբ, քննիչն ասել է, որ դեռեւս քննչական գործողություններ պետք է կատարվեն, ինչի համար էլ նա պետք է շարունակի մնալ կալանքի տակ:
Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:





























