Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) եւ հոլանդացի ավագ փորձագետների PUM կազմակերպության միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որի նպատակն է նպաստել հոլանդացի ավագ փորձագետների փորձի եւ գիտելիքի տարածումը Հայաստանում գործող ՓՄՁ-ների շրջանում: Հոլանդացի փորձագետները կամավորական սկզբունքով պատրաստակամություն են հայտնել ՓՄՁ ԶԱԿ-ի առաջարկած ՓՄՁ-ներին տրամադրել փորձագիտական եւ տեխնիկական խորհրդատվություն, աջակցություն տրամադրել նրանց` միջազգային շուկաների հասանելիության հարցում, միջազգային փորձի ներմուծում հայկական ՓՄՁ-ներում: Հոլանդացի ավագ փորձագետները Հայաստանում աշխատելու են 5 փուլով: Նրանց աջակցությունը լինելու է թիրախային` հիմնված հայտ ներկայացրած ՓՄՁ-ների կարիքների վրա: Փորձագետների թիրախում լինելու են հիմնականում ագրոբիզնեսի եւ զբոսաշրջության ոլորտներում ներգրավված ձեռնարկությունները:
Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը եւ PUM կազմակերպության ֆինանսական հարցերով տնօրեն Հանս Լուրսեման: Նա նշեց, որ անցած 3 տարվա ընթացքում կազմակերպությունը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ իրականացրել է մի քանի արդյունավետ ծրագրեր եւ գոհ է արդյունքից: Լուրսեմայի խոսքով` PUM-ը ուրախ է, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը շահագրգիռ է շարունակել գործակցությունը: Հոլանդացի մասնագետը նշեց, որ PUM-ի տրամադրության տակ են 3000-ից ավելի հոլանդացի ավագ փորձագետները, որոնք պատրաստ են հայաստանցի ձեռնարկատերերի հետ կամավոր սկզբունքով կիսել իրենց փորձը եւ գիտելիքը:




























