Էջմիածինի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, կարծում է, որ իր եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի եւ քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի կողմնակիցների միջեւ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքը վենդետայի չպետք է վերածվի, կողմերը պետք է բարիշեն։
«Հիմա, տղա են կռիվ են արել, թող գնան բարիշեն, հո շարունակություն չի լինելու, ամոթ ա, վերջապես հայ են, չի կարելի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչիկ Աբգարյանը։
Վերջինս նշեց, որ ծեծի հետեւանքով տուժած Ստեփան Աբգարյանի վիճակը լավ է, կազդուրվում է։ Արթուր Թումանյանը նույնպես հիվանդանոցից դուրս է գրվել, որն ավելի ծանր վիճակում էր։
Նախկին քաղաքապետը, որը նպատակադրվել էր առաջադրել իր թեկնածությունը Կարեն Գրիգորյանի դեմ, սակայն Էջմիածինի գրանցում չունենալու պատճառով չկարողացավ առաջադրվել, նշում է, որ իրեն դիտավորյալ չեն գրանցել։
Նա ասաց, որ սեպտեմբերի 17-ի արյունալի դեպքի մասին ուշ է տեղեկացել, այդ ժամանակ իր մտերիմ ընկերոջ ծննդյան տոնի խնջույքին է մասնակցելիս եղել։ Նա վստահեցրեց, որ վենդետա չի լինելու, սպասելու են քննչական մարմինների գործողություններին. «Ես խելոք , կուլտուրական տղա եմ, չեմ խառնվում, ինչ գործ ունեմ վենդետայից։ Չի կարող նման բան լինել հարյուր տոկոս, սպասելու ենք իրավական ընթացքին։ Իրավապահներն էլ թող նայեն որոշեն, բայց ես կողմ եմ, որ բարիշեն հանդարտվի պրծնի»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ի գիշերը միջադեպ էր տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետի երկու թեկնածուների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի համակիր, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի միջեւ: Տեղի ունեցածը երկու թեկնածուները տարբեր կերպ են ներկայացնում: Ըստ Կարեն Գրիգորյանի համակիրների` Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին կրակել են Գրիգորյանի եղբոր մեքենայի ուղղությամբ, որի մեջ նաեւ քաղաքապետն է եղել: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել: Թումանյանն ու Աբգարյանը պնդում են, որ իրենց մեքենային հարվածել են, ապա սկսել ծեծել իրենց մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ըստ մամուլի տեղեկությունների՝ կա ձերբակալված անձ։





























