Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գլխավորել է ֆինանսական աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Bloomberg գործակալությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Գործակալությունը վարկանիշը կազմում է տարբեր երկրներում տեղակայված իր բյուրոներում տասնյակ թղթակիցների եւ խմբագիրների շրջանում հարցում անցկացնելու միջոցով: Նրանք մեկնաբանում են թեկնածուներին: Այնուհետեւ ավագ խմբագիրների խումբը անվանակարգի մասնակիցների քվեարկություն է կատարում: Արդյունքում նրանց թիվը նախնական 100-ից կրճատվում է մինչեւ 50:

Այս տարի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը: Գործակալության կարծիքով՝ պատճառը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքներն են:

Երկրորդ հորիզոնականում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, իսկ երրորդ՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Չորրորդ տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ցինպինն է: Նրա գործողություններից է մեծապես կախված՝ մոտակա տարիներին Չինաստանը կկարողանա պահպանել աճի 6,5 տոկոսից ավելի տեմպը եւ խուսափել պետական պարտքի անվերահսկելի աճից:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել մեծ թվով խոշոր ձեռնարկատերեր եւ ներդրողներ՝ Amazon-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, ներդրող Ուորեն Բաֆեթը, Tesla եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը, JP Morgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմս Դայմոնը եւ այլք:

Տնտեսագետներից վարկանիշային աղյուսակում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Սթիգլիցը: Նա զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Վլադիմիր Պուտինից, որը 30-րդն է: