Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր խոսքում, մասնավորապես, ասվում է. «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից:
Ըստ այդմ, Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաեւ ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը»:
Նրա խոսքով, փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ:




























