Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ եւ արդար եւ համապատասխանել են ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշել է, թե այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ հաշվի առնելով ստացված փաստացի տվյալները: «Եվ պետք է նկատել, որ այս ընտրություններում համայնքներ ունեինք, որոնցում ընտրական գործընթացին 40-ից ավելի վստահված անձինք, դիտորդներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են հետեւել: Այսինքն՝ հրապարակայնությունը լիովին ապահովված էր»,- նշել է Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: