Միլիարդատեր Դոնալդ Թրամփի մերկ արձանը` ամբողջ հասակով, որը ցուցադրվում էր Մայամիի (Ֆլորիդայի նահանգ)  Ուինվուդ արթ-շրջանում, անհայտ անձանց կողմից գողացվել է անցած գիշեր, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Մայամիում  WSVN  հեռուստաալիքը, վկայակոչելով պատկերասրահի պահակներին, հայտնում է, որ տղամարդկանց մի խումբ արձանը բարձրացրել է բեռնատար:  Ականատեսներից մեկին հաջողվել է լուսանկարել առեւանգիչների մեքենան, եւ այժմ ոստիկանությունը փնտրում է դրա տիրոջը` Պեդրո Ալեխանդրո Ռոդրիգեսին, որպես  «մարդու, որը քննության համար հետաքրքրություն է ներկայացնում»: «Ինչ-որ մեկը որոշել է քաղաքական ժեստ անել` այդ արձանը ստեղծելով, իսկ ուրիշ մեկն էլ` քաղաքական ժեստ` հեռացնելով այն», - արթ-շրջանի այցելուներից մեկի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը: 

Ավելի վաղ այդ արձանը կանգնած էր թիվ   95 խճուղու հրապարակում, սակայն ոստիկանության պահանջով այն տեղափոխել են, որովհետեւ   «շեղում էր վարորդներին»:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին պատկերող քանդակը նրան բոլորովին դրական լույսի տակ չէր ներկայացնում, դա մեկն էր ամերիկյան  Indecline  հասարակական կազմակերպության ստեղծած արձաններից, որը միավորում է ստեղծագործ աշխատողների:  Այն սեպտեմբերի սկզբին տեղադրել էին Նյու Յորքի (Նյու Յորքի նահանգ), Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիայի նահանգ), Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) եւ Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) մարդաշատ վայրերում` ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում Թրամփի մասնակցությանը:   

WSVN հեռուստաալիքի տվյալներով, ավելի վաղ Նյոu Ջերսիում Թրամփի արձանի առեւանգման փորձ էր արձանագրվել: «Այն ողջունում էր Նյու Յորքի ուղղությամբ խճուղով առաջացող վարորդներին», - նշվում էր ռեպորտաժում: