Իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենը, որին Անկարան պատասխանատու է համարում հուլիսյան պետական հեղաշրջման փորձի համար,  ԵՄ-ի ղեկավարությանը, ի դեմս Ֆեդերիկա Մոգերինիի, կոչ է արել աչք չփակել Թուրքիայում տեղի ունեցողի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

«Ես խնդրում եմ (Իտալիայի վարչապետ Մատտեո) Ռենցիին եւ (եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա) Մոգերինիին չենթարկվել Անկարայի ճնշմանը եւ խրախուսել թուրք ժողովրդի` եվրոպական երազանքը պահպանելու ձգտումը:   Առաջնորդները բազմիցս քննադատել են (Թուրքիայի նախագահ Թայյիփ) Էրդողանին մարդու իրավունքների խախտումների համար, բայց ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել: Նրանք չեն կարող աչք փակել մարդու իրավունքների խախտումների վրա միայն նրա համար, որ Էրդողանը դիմակայում է փախստականների բանակին», — հայտնել է Գյուլենը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ: 

Նրա կարծիքով, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամից միակ ելքը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  դեմ պայքարում միակ ուղին  «Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդումն է»:

«Հակառակ դեպքում աղետի վտանգ կա: Փախստականների վրա ներքին ճնշումը, արմատական խմբավորումների տարածումը, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների հետապնդումը, Էրդողանի` ազգային հերոս ինքնահռչակումը այնպիսի բաներ են, որոնք պետք է եվրոպացի առաջնորդներին մղեն արդյունավետ միջոցներ ձեռք առնել` կանգնեցնելու թուրքական կառավարության առաջընթացն ավտորիտար ուղղությամբ», — հայտնել է Գյուլենը:

Իսլամական քարոզիչը, որի արտահանձնումն է պահանջում Անկարան, նշել է նաեւ, որ Էրդողանը ձգտում է հասնել դրան, որպեսզի հետո   «փորձի նաեւ սպանել» իրեն: