Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 6 մարզերում, ինչպես նաեւ Արմավիրի մարզի 2 համայնքներում, որտեղ դրանք անվավեր են ճանաչվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ համայնքների ընդհանուր թիվը, որտեղ ընտրություններ են անցկացվելու, 373 է, որին հավելվում են Արմավիրի մարզի 2 համայնքները: «Հարկ է ասել, որ այս թվի մեջ ներառված չեն Գյումրին եւ Վանաձորը, որտեղ նույնպես կկայանան քաղաքային իշխանությունների ընտրություններ: Վանաձորում դրանց մասնակցում է 8 կուսակցություն, իսկ Գյումրիում՝ 10 կուսակցություն եւ 1 դաշինք»,- նշել է Մուկուչյանը:
Նա հայտնել է, որ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում կուսակցություններից ոչ մեկը ինքնաբացարկի հայտարարություն չի ներկայացրել: «Համայնքների ղեկավարներ կընտրվեն 292 համայնքներում, ավագանու անդամներ՝ 239 համայնքներում: Ընտրություններին մասնակցում է 523 թեկնածու՝ չհաշված Գյումրի եւ Վանաձոր քաղաքները»,- հավելել է ԿԸՀ նախագահը:
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի 2 համայնքներում ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, քանի որ թեկանծուների նվազագույն թիվը չի ապահովվել:





























