ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը 1,6 մլն դոլար է ծախսել Թրամփի նախընտրական արշավի համար, հայտնում է  Politico-ն` վկայակոչելով դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները:  

Հաղորդվում է, որ այդ միջոցները հատկացվել են` ծածկելու անվտանգության աշխատակիցների ծախսերը, որոնց խնդիրը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի անվտանգության ապահովումն էր նրա սեփական ավիաընկերության ինքնաթիռով թռիչքի ընթացքում: 

Հանձնաժողովը նշում է, որ դա ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության մշտական պրակտիկան է, որը հոգացել է նաեւ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ծախսերը 2,6 մլն դոլարի չափով: Տարբերությունը սոսկ այն է, որ Թրամփի դեպքում փողը գործնականում նրա գրպանն է գնում, որովհետեւ TAG Air  ավիաընկերությունը, որի ծառայություններից նա օգտվում է, հենց նրան է պատկանում: 

Թրամփի նախընտրական արշավի պաշտոնական ներկայացուցիչ Հոուպ Հիքսը CNBS-ին հայտնել է, որ ամեն ինչ արվել է հանձնաժողովի պահանջներին համապատասխան: