Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ 142 դիմում-բողոք է ստացել: Այդ մասին սեպտեմբերի 23-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:  

Նրա խոսքով, դիմում-բողոքները հիմնականում ներկայացվել են միանման ստանդարտ ձեւաչափով, պահանջները եւս միանման են եղել:  

Տիգրան Մուկուչյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի  18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել Հայաստանի  5 մարզի 317 համայնքում: «237 համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Ավագանու ընտրություններ տեղի են ունեցել  295 համայնքում: 215 համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ», - հայտնել է Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ քվեարկությանը  408 թեկնածու է մասնակցել: