Պաշտպանության նախարարության Պաշտպանության ազգային հետազոտությունների համալսարանում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտացված խորհրդի եւ Պաշտպանության ազգային հետազոտությունների համալսարանի նիստը:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել  ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտնական, վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Իսրայելյանի՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տասնամյա (2002-2012 թվականներ) կառավարման տարիներին» մենագրության շնորհանդեսը:

Անդրանիկ Իսրայելյանի մենագրության մեջ քննարկվում են Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսական հիմքերը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման տարիներին, վելուծվում են հիմնական ուղղություներով դրա գործնական իրականացման մեթոդները: Մենագրության հեղինակը նաեւ հետազոտել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ազդեցությունը Հայաստանի եւ ամբողջ հայության շահերի առաջմղման վրա: Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, դիվանագետների, նաեւ ընթերցող լայն շրջանակների համար:

Նիստը նախագահող Պաշտպանության ազգային հետազոտությունների համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշել է, որ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի երկտասարդ գիտնականները միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների, առաջին հերթին ԱՄՆ Պաշտպանության ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ազգային պայմաններին հարմարեցվող փորձի հետազոտման եւ ներդրման միջոցով ձգտում են պետության անվտանգության նպատակով զարգացնել եւ բարձրացնել հայրենական անվտանգության հետազոտությունների մակարդակը: Այս ենթատեքստում նա բարձր է գնահատել Անդրանիկ Իսրայելյանի աշխատությունը՝ հարեւան երկրի արտաքին քաղաքականության հետազոտության տեսակետից:

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել Պաշտպանության ազգային հետազոտությունների համալսարանի պետի գիտական գծով տեղակալ, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտություների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Գիտական խորհրդի եւ 056 Մասնագիտացված խորհրդի այլ անդամներ: