Գյումրիում եւ Վանաձորում համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը շատ դրական քայլ է: Այդ մասին սեպտեմբերի   24-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:  

Անդրադառնալով սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած  տեղական  ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նա նշել է, որ ընտրությունները գնահատվում են ոչ միայն  ընտրական գործընթացի ընթացակարգի պահպանմամբ, այլեւ իրենց քաղաքական նշանակությամբ: «20 տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք երկու հիմնական խնդիր ենք ունեցել` իրականում ինքնուրույն տեղական իշխանություն եւ ապակենտրոնացում, որովհետեւ հասարակական ռեսուրսների 90 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը», - ընդգծել է Էմին Երիցյանը:

Նոր սահմանադրության համաձայն, շարունակել է նա, համայնքի ղեկավարը կարող է ընտրվել ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջնորդավորված եղանակով, Ազգային Ժողովում ձայների մեծամասնությամբ, ինչը դրական քայլ չի հանդիսանում: «Սեպտեմբերի 18-ի ընտրություններին ընտրական գործընթացը տեխնիկապես կատարյալ էր: Նախորդ ընտրությունների համեմատ կազմակերպվածության մակարդակն ավելի բարձր էր, սակայն նույնը չի կարելի ասել ընտրություններին կուսակցությունների մասնակցության մասին», - հավելել է Էմին Երիցյանը:

Անդրադառնալով ընտրակաշառքի վերաբերյալ հարցին, նա նկատել է, որ դա չի ազդում ընդհանուր ընտրական գործընթացի վրա: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Տավուշի մարզերի 317  համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել: