«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով կալանավորված տղաների հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, եկել էին Ազգային Ժողովի դիմաց եւ պահանջում էին ազատ արձակել իրենց հարազատներին:

Լրագրողների հետ զրույցում կալանավորվածներից Կարո Վանոյանի հորաքույրը նշեց, որ պահանջում են համաներում կիրառել կալանավորված տղաների նկատմամբ եւ անհապաղ ազատ արձակել նրանց:

Նրանք իրենց հետ բերել էին «Ազատ արձակեք մեր տղաներին», «Վերջ տվեք անօրինականությանը»  գրություններով  պաստառներ:

«Տղաները  «Սասնա ծռերին» չեն աջակցել, նրանք ընդամենը եղել են  իրադարձությունների կիզակետում: Այդ ամենը երեւում է նաեւ տեսանյութերի մեջ, ոստիկանները ձեռքերը ծալած չէին նստել,  զենք են հանել, իրենք էլ վախից քար են գցել, տեսնում են՝ զենք կա, քար են գցում»,- ասաց ծնողներից մեկը: