Եվրամիությունը Մոլդովային պետական կառավարման համակարգի բարեփոխումների համար 15 մլն եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի: Համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել են Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը եւ ԵՄ-ի հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Եվրահանձնակատարը հստակեցրել է, որ այդ գումարը Քիշնեւին կտրամադրվի միայն Մոլդովայի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ նոր հուշագրի ստորագրումից հետո, որը, նրա փոխանցմամբ, նախատեսված է հոկտեմբերին:

Ֆիլիպի խոսքով՝ Բրյուսելի աջակցությունը չափազանց կարեւոր է Մոլդովայի կառավարության համար, որն այժմ ձգտում է աղմկոտ կոռուպցիոն սկանդալների շարքից հետո վերականգնել արեւմտյան դոնորների վստահությունը: 

Նա տեղեկացրել է, որ եվրահանձնակատարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ԵՄ կողմից նախկինում հավանության արժանացած բարեփոխումների «ճանապարհային քարտեզի» իրականացումը, ինչպես նաեւ 2017-2019 թվականների պլանը:

Ֆիլիպը հավաստիացրել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է հետեւելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ստանձնած պարտավորություններին, եթե նույնիսկ երկրի քաղաքացիները դրանց չաջակցեն: Վարչապետը հստակեցրել է, որ ապագայում հանրապետությունը պետք է վարչատարածքային բարդ բարեփոխումներ անցկացնի եւ փոփոխություններ կատարի կենսաթոշակային համակարգում: