Հրազդանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին,  «Հայփոստի»  Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել մանաճյուղի դիմաց: 

Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ  իրենց կադրերի բաժնից բանավոր կերպով ասել են, որ հոկտեմբերի 1-ից շուրջ 15 աշխատակից կրճատման են ենթարկվելու եւ հորդորել «իրենց գլխի ճարը տեսնել»:

«Մեզ առաջարկել են գնալ Սեւան մասնաճյուղում աշխատելու, ասում են, ինչ-որ Սեւանը պիտի սպասարկի Հրազդանին, առանց կոնկրետ պատճառի մեզ կրճատում են, մենք էլ բողոքում ենք, որ բոլոր աշխատակիցներով մնանք ու աշխատենք: Մեզնից ոմանք 70 000 դրամ աշխատավարձ են ստանում, դրանից 45 000-ը որ տանք գնանք Սեւան գանք, 30 000 ով ո՞նց տուն պահենք»,-ասում էին աշխատակիցները:

Նրանք նշում էին, որ կրճատման են ենթարկվելու եւ ինկասացիան իրականացնող աշխատակիցները, եւ վարորդը,  եւ մասնաճյուղի այլ աշխատակիցներ:

Աշխատակիցները նաեւ նշեցին, որ խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին եւ հույս ունեն, որ հարցը հօգուտ իրենց կլուծվի, հակառակ դեպքում պատրաստվում են գնալ կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու: Ի դեպ, NEWS.am-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստի»  Հրազդանի մի շարք այլ մասնաճյուղերում եւս նույն վիճակն է տիրում:

Մեզ «Հայփոստի»  Հրազդանի մասնաճյուղի պետի հետ կապվել չհաջողվեց: