Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ գլխավոր դատախազի անգործության:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ դատարանի դիմաց են հավաքվել Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներն ու նրա համակիրները:

Նրաք իրենց հետ բերել են «Մենք քեզ հետ ենք», «Հայրենասեր հանցագործ» եւ «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին» գրությամբ պաստառներ:

 Դատական նիստին ներկա է նաեւ Կարո Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները դատական նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:

Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:

Փաստաբանը մեղադրանքը կեղծ ու անհիմն է համարում: